Երեկ տեղի է ունեցել Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության մեկնարկային ժողովը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի, Առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Գևորգ Սիմոնյանի, Բժշկական համալսարանի պրոռեկտոր պրն. Գառնիկ Ավետիսյանի, ինչպես նաև այս ծրագրի բոլոր գործընկերների ներկայությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Դեսպանը ողջունել է «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է բավարարել առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ֆրանսիական դերակատարների, ինչպես նաև նրանց տարբեր մասնագիտությունների գծով հայ գործընկերների միջև համակարգման անհրաժեշտությանը:
Պարոն Ժոնաթան Լաքոտը նշել է, որ առողջապահությունն առավել, քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է և որ այս նախաձեռնությունը, որն իրականացվում է հետպատերազմյան անմիջական համատեքստում, նպատակ ունի հիմք դնելու երկարաժամկետ կառուցվածքային համագործակցության: