Ինձ հետաքրքիր չէ, որ դպրոցի տնօրենի անունը կապում են պաշտոնյայի հետ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրենի մասին։
«Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ։ Նման տեղեկություն չունեմ, ու դա բացարձակ հետաքրքիր չէ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»,- նկատեց նախարարը։
Դումանյանը վստահեցրեց, որ դպրոցներում չկան հովանավորչություն և կոռուպցիոն սխեմաներ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են աշակերտներն ու դպրոցի անձնակազմը աղմկում։
«Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, հավանաբար, նրանց աղմկացնում են: Իհարկե, այս աղմուկը հիմնավոր չէ: Եթե կան մարդիկ, որ համարում են, որ ինչ-որ բան եղել է անօրինական, թող դիմեն, իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»,- շեշտեց նախարարը։
Վահրամ Դումանյանի խոսքով, երբ ծանոթեցել է դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքներին, հասկացել է, որ այն պետք է անվավեր ճանաչել։ Սակայն, իրեն տեղեկացրել են, որ գործող օրենքում նման կարգ չկա։
Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 դպրոցում արդեն տևական ժամանակ է՝ դասադուլ և գործադուլ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Իսկ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայիս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։