Գերմանիայից ժամանած հետազոտողները Մարսի վրա ապագա առաքելությունների համար Հայաստանում ռոբոտներ և տիեզերական հանդերձանք են փորձարկում, գրում է «Bild»-ը։ «Amadee-24» անվանումով հայտնի նախագծին մասնակցում է աշխարհի 26 երկրի ավելի քան 200 գիտնական:
Նշվում է, որ Հայաստանում փորձարկումներ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրի տեղագրությունը Մարսին ամենամոտն է թվում։ Նախատեսվում է, որ Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի հետազոտական խումբը մինչև ապրիլի սկիզբը կմնա Հայաստանի Արարատի մարզի Արմաշ գյուղում։
![](https://armeniatoday.news/wp-content/uploads/2024/03/AMADEE-24-_-Armenia_-Mars1-e1710924892786-1536x868-1-300x170.jpg)
Ծրագրի շրջանակներում հետազոտողները փորձարկում են երկու մարսագնաց, որոնք կարող են ուսումնասիրել տարածքը, ստեղծել տարածքի 3D քարտեզ և փնտրել այլմոլորակային կյանքի նշաններ: Բացի այդ, 6 հոգուց բաղկացած խումբը փորձարկում է նոր տեսակի սկաֆանդրներ, և բացարձակ մեկուսացման պայմաններում գործնականում փոխազդեցություն է վարում ռոբոտների հետ։ Կոստյումները նախատեսված են Մարսի ջերմաստիճանի համար, որտեղ այն տատանվում է մինուս 133-ից մինչև պլյուս 27 աստիճան:
Հետազոտության մասնակիցները մշտական կապի մեջ են նախագծի շրջանակներում ստեղծված Ավստրիական տիեզերական ֆորումի կառավարման կայանի և Հայկական տիեզերական գործակալության հետ։
![](https://armeniatoday.news/wp-content/uploads/2024/03/AMADEE-24-_-Armenia_-Mars3-e1710930444900-300x169.jpg)
2024 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ Ավստրիական տիեզերական ֆորումն (OeWF) ընտրել է Հայաստանը դեպի Մարս առաքելության մոդելավորման համար: