ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր իր ասուլիսի ժամանակ ամփոփել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր կատարած այցերը՝ հայտարարելով, որ մի շարք հարցեր դեռ լուծված չեն:
ՄԻՊ-ն այցելել էր այդ մարզեր ու սահմանային բնակավայրերում մի շարք դիտակումներ արել. Նա բարձրաձայնել էր սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությանը սպառնացող վտանգների մասին:
Անդրադառնալով սահմանային անվտանգությանը՝ այցերն ամփոփող այսօրվա ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ադրբեջանցիների սադրանքների մասին իրենց մի շարք դեպքերի մասին են պատմել:
«7-8 տարեկան երեխաները խաղում են, մյուս կողմում՝ իրենց զինծառայողներն են: Դա սադրանք չէ՞: Իհարկե, մարդիկ տեսել են սադրանքներ»,-ասաց նա:
Նա շեշտեց հստակ քայլերի անհրաժեշտության մասին. «Այո, մեր զինծառայողներն անձնուրաց ծառայություն են իրականացնում, բայց դեպքերն իրավական են ու հրատապ լուծումների կարիք ունեն: Պետական մարմինները չունեն որևէ պատկերացում: Մենք գործ ունենք մարդու իրավունքների կարևորագույն խնդիրների հետ, որոնք մենք պարտադիր պետք է հաշվի առնենք: Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության քաղաքականության հռետորաբանությունը: Ես քարտեզներ էի հրապարակել, որոնք ունեն ադրբեջանցի զինվորականները: Նրանք այնտեղ Զանգեզուրն ու հայկական այլ տարածքներն իրենցն են համարում, և այդ ամենը՝ ցեղասպանության հռետորաբանության ներքո: Հետևաբար, մեր ժողովրդի անվտանգության հարցերը պետք է դիտարկել հենց սահմանների կոնտեքստում»:
Նա շեշտեց, որ այս առումով մեխանիկական մոտեցումներն անթույլատրելի են:
«Մենք շատ փաստեր ունենք, պետք է հասկանանք, ինչպես ենք ռեալիզացնելու, որպեսզի դրանք քննարկման առարկա դարձնենք: Խախտվել է նաև մեր քաղաքացիների սեփականության իրավունքը: Նրանք կանգնած են նաև տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից զրկվելու վտանգի առաջ: Երկու խնդիր կա այս առումով. Ադրբեջանի տարածքում մնացել են հողամասեր, որոնց սեփականության վկայանները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ ՀՀ մարմինների կողմից՝ տարբեր ժամանակներում»: