Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ և Դատախազության որոշումների դեմ բողոքի քննությունը։
Դատական նիստին ներկա են փաստաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը։ Նիստը անցնում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Ինչպես գիտենք՝ նոյեմբերի 10-ին, Եռակողմ հայտարարության ստորագրման օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ է անում պատրաստվել վրեժի։ Այս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածների, զինվորի զենքը գողացածների, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ իրենք ճիշտ չեն վարվել, ինչի համար ներողություն է խնդրում։
Հաղորդում ներկայացրած փաստաբանները կարծում են, որ վարչապետի հայտարարությունը պարունակում է ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 17-ին՝ ժամը 16։30-ին, որտեղ հնարավոր կլինի լսել նաև ՀՔԾ և Դատախազության ներկայացուցիչներին։