Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ հունվարի 29-ին բավարարել էր ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Վ. Բադասյանը Եռաբլուրում հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև թշնամի: Այսինքն, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է մենք վերացնենք նաև զենքի միջոցով: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար անում, և թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Ինքը պետք է վերանա և հեռանա»,-հայտարարել էր Բադասյանը: