Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը:
ԱԺ նիստի ժամանակ Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որում Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» արտահայտությանը: Իշխանական պատգամավորն այս արտահայտության համար ԲԴԽ ղեկավարից պարզաբանում պահանջեց։
«Կարող է ձեր կոչը ոչ թե զսպվելու, այլ չզսպվելու կոչ էր: Պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին։ Որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածե՞լ եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չե՞ք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- հարցրեց իշխանական պատգամավորը։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ արձագանքեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել:
«Չեմ մտածել։ Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- պատասխանեց Վարդազարյանը:
Ռուբինյանը կրկնեց հարցը, թե Վարդազարյանը ո՞ր հարցում էր ուզում զսպել դատավորներին: ԲԴԽ նախագահն ասաց․ «Զսպում էի, թե չէի զսպում, չգիտեմ, ստացվե՞ց, թե՞ չստացվեց։ Սակայն, կոչս հետևյալն էր՝ սթափվել և չտրվել որևէ քաղաքական գործընթացի։ Այլ կոմպոնենտ իմ կոչը չուներ»։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա վերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոչով դիմել էր դատավորներին՝ առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, ու հավելել էր՝ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Հիշեցնենք նաև, որ դատավորներին «վնգստացող» որակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր տվել դեռ 1 տարի առաջ։