Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հասարակությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ պ-ն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Մեր պայքարը շարունակվում է»:
Ապա մեկ ժամ անց հավելել է. «Ծանոթացա դատախազության Հայկական ժամանակ օրաթերթով տարածված պարզաբանմանը: Կարող եմ ուղղակի ասել, որ նվազագույն մարդասիրական մոտեցում չունեցող «պարզաբանման» հեղինակները իրավունքի, իրավունքի գերակայության հետ առնչություն չունեն: Փաստորեն նույնիսկ Մայր Աթոռի հորդորը ևս չնկատեցին: Ուղղակի հիշեցնեմ, որ այս խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է, պատճառված բարոյական և առողջության վնասի համար` պատասխանատվություն լինելու է: Վստահ եղեք»:
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։
Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։
Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։