Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։ Այս մասին ասված է ՄԻՊ-ի զեկույցում:
«Խնդրի առկայության մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի տարբեր տարիների գործունեության հաղորդումներն ու զեկույցները:Կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, երբ երեխայի սեռը պարզելու դեպքում հղիությունն ընդհատվում է՝ աղջիկների փոխարեն նախապատվություն տալով տղա երեխաներին:Ուսումնասիրությունները վկայում են, որ խնդրի պատճառները խորքային ու տարբեր են, սակայն, որպես գործոն` նման խտրական որոշման կայացման վրա կարող են ազդել, օրինակ, հասարակությունում ավանդաբար հաստատված սեռերի նկատմամբ պատկերացումները, արու զավակ ունենալու նախապատվությունը կամ կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները:
Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա – 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա – 100 աղջիկ հարաբերակցությունը:ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին` 100-109.8, 2018 թվականին` 100-111, 2019 թվականին` 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3: Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության մասին, որը հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020 թվականի Հայաստանի ժողովրդագրական տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցն, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.26:
Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել, 1.40 կամ 1.32 գործակցից նվազելով 1.27 և 1.26-ի, սակայն խնդիրն այդ պարագայում ևս շարունակում է մնալ առկախված՝ պահանջելով լրացուցիչ ջանքեր: Չնայած աշխատանքների իրականացմանը՝ խնդիրը համակարգային առումով դեռևս լուծված չէ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը կարող է լատենտային բնույթ ստանալ, ինչպես նաև մասնագետները նշում են, որ արդեն հնարավոր է պտղի սեռը որոշել առավել վաղ ժամկետներում՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացումը: Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումներով սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանմամբ կամ միայն հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացմամբ չեն կարող սահմանափակվել խնդրի լուծմանն ուղղված քայլերը: Խնդրի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն՝ ուղղված խորքային պատճառների վերացմանը:Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի դեմ պայքարը և դրա կանխարգելումը անհրաժեշտ է համադրել կանանց կարողությունների զարգացման, որոշումների կայացման ազատության և այլ իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև բուժաշխատողների նկատմամ վերահսկողության ուժեղացման նպատակով իրականացվող միջոցառումների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: