Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը։
«Ռազմական ու քաղաքական բաղադրիչների գերակայության պատճառով պետությունը սահմանափակումների մեջ է։ Արդյունքում, մի վտանգավոր թեզ էլ է զարգանում, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը հակադրվում են։ Իրականում մարդու իրավունքներն ու անվտանգությունը լրացնում են իրար։ Այստեղ ռազմավարական կարևոր հարց կա՝ մարդու իրավունքները հիմքում դնելու և մարդու իրավունքների մեխանիզմները օգտագործելու պարագայում պետությունը ռազմական ու քաղաքական ատյաններում հնարավորություն կունենա ուժեղացնելու իր դիրքորոշումները»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններին հենց ռազմական ու քաղաքական բաղադրիչներն են ձեռնտու։
«Այս ռազմականացված ու քաղաքականացված կոմպոնենտներով պետական սահմանների հարցերը քննարկելու պատճառով նաև ինքս դժվարություններ եմ ունենում և՛ ներսում, և՛ դրսում։ Նախ՝ ներսի առումով․ մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում»,- ասաց նա՝ բերելով հուլիսի 5-ին Վերին Շորժայում փոխհրաձգության դեպքը։
Նա անդրադարձավ Վերին Շորժայի վարչական ղեկավարի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները չեն խաթարում իրենց բնակիչների բնականոն կյանքը։
«Ինչպե՞ս կարելի է նման բան ասել։ Ինքս եմ եղել այդ վայրում, ադրբեջանցի զինվորականները հենց այն մասում են, որտեղ մեր արոտավայրերն են»,- ասաց նա։