Առուշ Առուշանյանը կալանքի տակ կմնա, ինչպես և կանխատեսել էինք՝ դատարանը մերժեց մեր կողմից բերված բողոքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Մենք չենք պարտվել, այլ պարտվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Բայց ուզում եմ ընդգծել, որ, միևնույն է, Առուշ Առուշանյանը ազատության մեջ է գտնվելու»,- ասաց պաշտպանը։
Նա հայտնեց, որ որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։ Նա հայտնեց, որ դրանից հետո միանշանակ ՄԻԵԴ են դիմելու։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանավորման որոշումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են: