Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ 2020 թվականի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել ՀՀ ազգային անվտանգության շահերին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։