Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Տեղեկությունը հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով**) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):
Փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։
Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից(պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները։
Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն։
Հիշեցնենք, որ գործադիրը հաստատել էր նաև Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ անվճար տեղերի բաշխումը։
Այդ որոշմամբ՝ ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է35 անվճար տեղ՝ հաշվի առնելով գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը։ Նախապատվությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ու հայագիտության ոլորտի մասնագիտություններին։