«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի այսօրվա հայտարարությանը, որով նա դատապարտել էր մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ ծաղկեպսակներ ու դագաղներ տեղադրելու երևույթը:
Պատգամավորը, մասնավորապես, նշել է.
«Կարդացի ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որով նա դատապարտում է պատգամավորների տների մոտ իրենց նկարներով դագաղներ և ծաղկեպսակներ տեղադրելը։
Իհարկե, որպես մարդու իրավունքների պաշտպան, Արման Թաթոյանը պարտավոր է դատապարտել նման երևույթները, բայց պարոն ՄԻՊ-ը իր հայտարարության գերակշիռ մասը նվիրում է 2018 թվականին տեղի ունեցած մի քանի համանման դրվագներին, որոնք առնվազն չեն ողջունվել և դատապարտվել են թավշա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն իրականացրած ուժերի և քաղաքացիների կողմից։
Այսօր տեղի ունեցողը որևէ կերպ համեմատելի չէ 2018 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի հետ, և ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՄԻՊ-ի այս տեսքով հայտարարության նպատակը ոչ թե այսօր տեղի ունեցող երևույթները դատապարտելն է, այլ 2018-ին տեղի ունեցածի ֆոնին դրանք արդարացնելը։
Կարևոր է արձանագրել, որ 2018-ին հեղափոխության մասնակիցները հստակ դատապարտել են նման երևույթները և քարոզել բացառապես սիրո և համերաշխության մթնոլորտ։ Այսօր, սակայն, 17+ ուժերի որևէ ներկայացուցիչ հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ, ինչն ի ցույց է դնում այդ երևույթների կազմակերպված լինելը, և այդպիսով, բացառում 2018-ի հետ որևէ համեմատականը»: