Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել «Չաարատ Կապան», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Ախթալայի ԼՀԿ», «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ և «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությունների մի շարք աշխատակիցներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդերքի ոլորտը համակարգող, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 16-ին հյուրընկալել է պարգևատրված աշխատակիցներին, շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ, և հանձնելով շնորհակալագրերը՝ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։
«Մեր երկրի հարստությունն ընդերքն է, սակայն հզորությունը մարդիկ են․ երկրի իրական կարողությունն և ներուժն այս երկուսի համատեղումն է։ Մարդկանց մասին խոսելիս կարող եմ վստահաբար նշել, որ հատկապես հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում աշխատում են ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ։ Ես սա պնդում եմ, հաշվի առնելով մասնագիտական բարդությունը, սխալների դեպքում՝ հետևանքների ծանրությունը, ինչպես նաև նոր լուծումների, հայտնագործությունների, կամ, պարզապես, ճիշտ տեղում ճիշտ մեթոդներ կիրառելով դրանց մուլտիպլիկատիվ դրական և մեծ ազդեցությունն ինչպես ձեր արտադրություններում, այնպես էլ հարակից բնագավառներում»,-ասել է փոխնախարարը։