Իմ կողմից նախաձեռնած Հավերժության այգու կառուցման շինաշխատանքներն ընթանում են մեծ ծավալով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ օրերս «Կանաչ Ռուսաստան» համառուսաստանյան բնապահպանական շարժման նախագահ, «Հաղթանակի անտառ» նախագծի հեղինակ Կոնստանտին Կուրչենկովի հետ այցելել ենք շինհրապարակ, ներկայացրել եմ նախագծի գաղափարը, ծանոթացրել կատարվող աշխատանքին, և որոշել ենք համագործակցության սկիզբ դնել»,- հավելել է բարերարը։
Նա հիշեցրել է, որ հունիսին մեկնարկել են «Հավերժության այգու» կառուցման աշխատանքները, որտեղ պատերազմում զոհված մեր քաջ հերոսների հարազատները կարող են անվանական պտղատու ծառ տնկել և բերք ստանալ: Սա մի յուրատեսակ վայր կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր Եռաբլուր այցից հետո կլինեն նաև այս այգում և մեկ տեղում կկարդան մեր բոլոր հերոսների անունները:
Այգին հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ Խաչի մոտ, որտեղ կառուցվում է նաև ապակեպատ եկեղեցի։ Այգին, իր հատակագծով, կունենա հավերժության խորհրդանիշի տեսքը։