ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի պահանջով կասեցնելու առնչությամբ:
Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:
«Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում տեղի ունեցող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասաց Մանուկյանը:
Խնդրի նախապատմությունը հետևյալն է՝ փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում պետք է ելույթ ունենային և՛ Յուսիֆ Էյվազովը, և՛ Ռուզան Մանթաշյանը, որի հետ պարահանդեսի կազմակերպիչները բանակցություններ էին վարում 2019 թվականի հոկտեմբերից։ Սակայն հունվարի 13-ին Ռուզանի շահերը ներկայացնող գործակալությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որտեղ հաղորդվում էր, որ միջոցառմանը մասնակցելու մասին պայմանավորվածությունը չեղարկվել է:
Պատճառը ադրբեջանցի երգիչ, Աննա Նետրեբկոյի ամուսնու հրաժարումն է հանդես գալ Հայաստանի քաղաքացի Ռուզան Մանթաշյանի հետ։
Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզան Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից: