Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի կնշի նոյեմբերի 30-ին:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:
Նշենք, որ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը: