Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շախմատիստ Լևոն Արոյանը հեռանում է Հայաստանից ու նաև այսուհետ ներկայացնելու է ԱՄՆ-ն:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Արոնյանի որոշմանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Ցավալի հայտարարություն է ինձ համար: Բայց ասեմ, որ այնտեղ նաև որոշակի անձնական հայտարարություններ են հնչել, որը ենթադրում եմ, որ հասցեագրված են եղել նաև ինձ: Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ մեծ ավանդ ունի Լևոն Արոնյանը շախմատում, և նա Հայաստանը աշխարհին է ներկայացել որպես շախմատային տերություն, կարծում եմ՝ հանրությանն անգամ սխալ և սուտ տեղեկատվություն տրամադրելու իրավունքը Լևոն Արոնյանն ունի: Հաշվի առնելով իր ավանդը, իր վաստակը, որևէ պարագայում նույն ձևաչափով չեմ պատրաստվում պատասխանել»:
Իսկ թե ինչն է եղել լեգենդար գրոսմայստերի հայտարարության մեջ եղել սխալ և սուտ՝ Մխիթար Հայրապետյանը նշեց. «Այն, որ 2018-ից հետո շախմատը անտեսվել է, քանդվել են այն ավանդույթները, որոնք ձևավորված են եղել նախկինում: Խոսք եղավ նաև դպրոցների փակման մասին: Պետք է ասեմ, որ Շախմատի ֆեդերացիայի՝ ամիսներ շարունակ տևած, շարունակվող քայլերի, պրոֆեսիոնալ աշխատանքի՝ առաջիկայում կբացվի Շախմատի վարպետների բարձրագույն դպրոց: Մեր լեգենդար շախմատիստը նշում էր, որ վերաբերմունքը շախմատի ու շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է: Այո, իսկապես տարբերվել է, 2019-ից հետո շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձևերին՝ պարգևավճարների, լրավճարների իմաստով: Անգամ Լևոնի հարսանիքի քավորը, որ ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահն էր ու ցայսօր շարունակում է մնալ այդ պաշտոնին, իր օրոք անգամ այդպիսի հարցերը չեն լուծվել»: