«Իսկանդերի» վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորին ևս հետաքրքրում է, թե վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞ ոչ:
«Պատեկերացնու՞մ եք, եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Նշանակում է՝ ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք։ Ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն»,- նշեց նա՝ շեշտելով, որ այդտեղ իրենց հանձնաժողովը լուրջ անելիք ունի:
Նրա խոսքով՝ կասկածներ չեն ունեցել, որ հնարավոր է «Իսկանդերը» խնդիրներ ունեցած լինի։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է՝ «Թող հարց տան՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։
Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել է՝ «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ իր՝ ժողովրդի կողմից շենքեր գրավելու վերաբերյալ խոսքը մանիպուլացվել է։
«Պետական պահպանության ծառայության խնդիրը պետությունը պաշտպանելն է, և պետությունը տվել է այդ կառույցներին բոլոր իրավասությունները՝ ընդհուպ մինչև կրակելը, բայց դա մանիպուլացրեցին, դարձրեցին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակել ժողովրդի վրա»,- ասաց նա՝ հիշեցնելով իր ավելի վաղ արած հայտարարությունը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։