«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռուսական խաղաղապահ պահակակետերում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ:
Խաղաղապահները կանգնեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահակակետում առհասարակ ստուգումներ չեն անում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Մեզ պատմեցին, որ գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաեւ, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց»։
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները և կուսակցականները լծվել են Արցախում Փաշինյանի վարկանիշը քիչ թե շատ բարելավելու գործին: Եթե նախկինում նրանք կտրուկ խոսում և դատապարտում էին կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանին, ապա այսօր հակառակ պատկերն է:
Սկսել են արցախցիների շրջանում մասնավոր զրույցներում մեղմել Փաշինյանի մեղքը, ասելով, որ նա այդքան էլ մեղավոր չէ, որ գեներալներն ու զինվորականները հասցրին Արցախը նման վիճակի: Եվ որ Փաշինյանը նախկինների մեղքն է հատուցում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իր էջում քննադատելով Նաիրա Զոհրաբյանին, միտք է արտահայտել, որից շփոթ է առաջանում՝ ո՞վ է ձեւավորում ԲՀԿ նախընտրական ցուցակը՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։
Հարությունյանը գրել էր․ «ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու․․․»։ Ինչի՞ հիման վրա է նման բան գրել՝ որտեղի՞ց գիտի։ Ա․ Հարությունյանից չկարողացանք պարզաբանում ստանալ, որ հասկանանք, թե ով է որոշում՝ ԲՀԿ շարքերից ում հեռացնել, եւ ինչպես է ստացվել, որ իշխանությունն արդեն տեղյակ է, թե ընդդիմության ցուցակներում ովքեր են ընդգրկվելու, ովքեր՝ ոչ»: