Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերում Բրիտանիայի նախարար Վենդի Մորթոնը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ:
«Մեծ Բրիտանիան երկու կողմերին կոչ է անում անհապաղ դուրս բերել զորքերը, խուսափել էսկալացիոն գործողություններից, ինչպես նաև ձեռնամուխ լինել սահմանազատման կառուցողական բանակցություններին՝ առանց նախապայմանների», – Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վ․ Մորթոնը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հիշեցնենք, որ ավելի ուշ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։