Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու։ Կառավարություն նիստից հետո նման պարզաբանում ներկայացրեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մի քանի բժիշկների ահազանգերին, որոնց համաձայն՝ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա հանրահավաքին։
Ավանեսյանն այս լուրերը հերյուրանք անվանեց։
Նա, սակայն չբացառեց, որ այսօր բժշկական կենտրոններից աշխատողներ հանրահավաքին ներկա կգտնվեն, քանի որ նրանք ևս քաղաքացիներ են։
Առողջապահության նախարարի պաշտոնակատարի պնդմամբ՝ հանրահավաքին ներկայանալու հորդոր չի եղել։
Հիշեցնենք՝ մի քանի բժիշկներ ահազանգել են, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան ՔՊ-ի այսօրվա հանրահավաքին և ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն: