«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշանակել պաշտպանության նախարար: Նշենք, որ դեռ ամիսներ առաջ խոսակցություններ կային, որ Բաբայանը` հատկապես Աննա Հակոբյանի մեծ ցանկությամբ ու հորդորով հավակնում է դառնալ նախարար, սակայն այս ընտրությունները, ըստ երեւույթին, Սամվել Բաբայանի համար վճռորոշ էին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս իրողություն են: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Ի՞նչ է սպասվում այժմ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու է հունիսի 28-ին, եւ այդ օրն էլ վերջնականապես պարզ կլինի՝ խորհրդարան անցած ուժերը որքան մանդատներ կստանան։ Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն կստանա 72 մանդատ, «Հայաստան»-ը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, պարզ է, թե հիմա ինչ կամայականությունների ենք ականատես լինելու։ Արդեն իսկ հարգված բժշկին, ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին անհիմն ձերբակալեցին, դատարանը բաց թողեց, հիմա՝ իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձին զրկել է անձեռնմխելիությունից, որ Փաշինյանի մեկ այլ սպասարկու՝ դատախազությունը, քրեական հետապնդումը շարունակի»։
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը: «Իրավունքի» տեղեկություններով՝ այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը՝ 70-ամյա Վիգեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ.-ին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը եւ դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ խորհրդարան չձեւավորած` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստում է կառավարության կադրերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նախեւառաջ խնդիր կա օր առաջ լուծել ՀՀ արտաքին գործերի նոր նախարարի նշանակման հարցը:
Այս անգամ որոշում է կայացվել նախարար գտնել, ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ յուրայինների շրջապատից: Փաշինյանն այս հարցում ամենավստահելին համարում է Աժ յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Իսկ թե ովքեր կլինեն փոխնախարարները դեռ հայտնի չէ»: