ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր երկրի գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին ու ամերիկահայ շրջանակներին դեսպան Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։
ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով՝ ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսեսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես Ղարաբաղյան պատերազմի օրերին: Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ մասնակցել է դեսպան Ներսեսյանի դիվանագիտական առաքելության ավարտի առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը:
Իր ելույթում կոնգրեսական Սփիեռը շեշտել է՝ մեծ ջանքեր են գործադրվել ամերիկյան օժանդակության ապահովման ուղղությամբ․
«Հպարտ եմ ասել, որ Ձեր օժանդակությամբ ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումն ականազերծման և մարդասիրական օգնության համար: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը»։
Ընդունելության բազմաթիվ հյուրերի շրջանում էին նաև ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի ներկայացուցիչները: Փոխպետքատուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Արմստրոնգն իր խոսքում բարձր է գնահատել դեսպանի ու ՀՀ դիվանագիտական առաքելության գործունեությունն՝ առանձնահատուկ նշելով Ներսեսյանի աջակցությունն ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ:
«Մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա ցավալի է»,- շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով իր խոսքում նաև պետքարտուղարության անունից ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին անցած տարվա պատերազմի զոհերի կապակցությամբ:
Ըստ Ներսեսյանի՝ երկու ազգերը սերտորեն համագործակցել են բազում ոլորտներում՝ ներառյալ տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումն ու խաղաղապահ առաքելությունը: Նա ընդգծում է՝ ԱՄՆ-ի ու ՀՀ միջև առկա է առանձնահատուկ կապ՝ հիմնված ընդհանուր արժեքների, կայուն բարեկամության և հավատարիմ փոխվստահության վրա: