Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորնշանակ նախագահներին ներկայացնելն էր: Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև Կարգադիրչների ծառայության նորանշանակ պետ՝ Սուրեն Բաղդասարյանին:
Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսեց առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ Քաղաքացիական ծառայությունից Դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ դատական ոլորտում բարեփոխումներ են սպասվում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պարտականությունները ապրիլի 15-ին դրվել են դրվել են խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի վրա։ Դրա համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումը՝ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Հիմք է հանդիսացել նաև այն փաստը, որ ՀՀ դատական օրենսգրքի դրույթների համաձայն՝ խորհրդի նախագահի պարտականությունները պետք է կատարի տարիքով ավագ անդամը։