Կառավարությունը հավանություն տվեց իր ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Առողջապահության նախարարությունն առաջարկում է 7․4 մլն ԱՄՆ դոլար գումարի տրամադրման վերաբերյալ նոր վարկային համաձայնագիր ստորագրել։
Կապված ՀՀ-ում COVID-19 համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու, ինչպես նաև երկրի բժշկական կազմակերպությունները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և այլ ապրանքատեսակներով համալրելու հրատապ անհրաժեշտությամբ՝ ազգաբնակչությանը պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայություներ մատուցելու նպատակով, ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրից 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխելու և COVID-19-ին դիմակայելու համար երկրին անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։
Համաձայնագրի փոփոխությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների համար նախատեսված 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխվեց և ծախսվեց COVID-19 համավարակին դիմակայելու համար անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով։
Ներկայում առկա է 3մլն․ ԱՄՆ դոլար դեֆիցիտ Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, դրանք ավարտին հասցնելու, ծրագրի արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է 3 մլն ԱՄՆ դոլարը համալրել ծրագրի միջոցները։