ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ուսումնասիրություն է իրականացրել՝ կապված ԴՆԹ սարքերի ու զոհված զինծառայողների դիերի փորձաքննությունների գործընթացի հետ։ Նա անդրադարձավ նաև ԴՆԹ սեկվենատոր սարքի ձեռքբերման գործընթացին։
«Մենք ոչ թե նոր սարքի գնման կարիք ունեինք, այլ ուրիշ խնդիր։ Մենք մասնագետների կարիք ունեինք՝ գենետիկայի փորձաքնություն իրականացնող մասնագետների պակաս ունենք»,-ասաց Սոֆիա Հովսեփյանը՝ նշելով, որ առաջիկայում ասուլիս է տալու ու փաստեր է հրապարակելու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Նշվել էր, որ կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հաստատվեց այն տեղեկությունը, որ Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։