Արցախի Հանրապետության նախագահ Արաիկ Հարությունյանը հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Facebook»-ի իր էջում։
«Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին։
Նշեմ, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է Արցախի նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: