Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները ոչ միայն վերահսկում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, այլև ականազերծում են տարածքները, վերականգնում կապի միջոցներն ու ենթակառուցվածքները: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը այսօրվա բրիֆինգում ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները:
Ռուս խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է շուրջօրյա մոնիտորինգ: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Խաղաղապահների ինժեներական ուժերով շարունակվում են տրանսպորտային տեղաշարժի վերահսկման և հսկիչ անցագրային կետերի կահավորման աշխատանքները: Ռուս խաղաղապահների ջանքերով ապահովվում է բնակիչների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր: Հումանիտար օգնություն է ցուցաբերվում, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող բնակիչների թիվը մեկ օրվա ընթացքում կազմել է 859 մարդ: Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել, ավարտվել է գազատար խողովակի և կապուղիների նորոգումը: Ավելի քան 12 կմ գազատար խողովակ և 15 կմ կապուղի է վերականգնվել: Շարունակվում է էլեկտրական հաղորդալարերի վերականգնումը, մեկ օրում վերականգվել է 2 հենակետ և ավելի քան 2 կմ էլեկտրական հաղորդալար:
Խաղաղապահաները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյունավտանգ իրերի վնասազերծումը: Մեկ օրում ականազերծվել է մոտ 1 հա տարածք, 1 կմ ճանապարհ, ոչնչացվել է 2876 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ ականզերծված է ավելի քան 62 հա տարածք, 21 կմ ճանապարհ, վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ իր:
ՌԴ Պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալի բրիգադները մասնագիտացված օգնություն են ցուցաբերել 11 բնակչի, այդ թվում՝ մեկ երեխայի: Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել 280 բնակչի, նրանց թվում՝ 29 երեխայի: Խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուժերով շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը: Գործում է անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու և տրամադրելու թեժ գիծը:Այս ընթացքում ավելի քան 286 զանգ է գրանցվել , տեղի է ունեցել 1947 հանդիպում քաղաքացիների հետ»,- տեղեկացրել է Իգոր Կոնաշենկովը: