Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունում ամրագրված ռազմագերիների վերադարձի հարցը բազմիցս քննարկվել է դրան հաջորդած հեռախոսազրույցներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովը նշել է, որ գերիներին վերադարձնելու հարցը հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ընթացքում տևական քննարկումների մի մասն էր։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կազմեին անհայտ կորածների ցուցակները։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել է, և այդ ցուցակներում նշված բոլոր անձինք վերադարձվել են։
«Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ։ Հետագայում տեղի են ունեցել այն գերիների փոխանակումները, որոնք մասնակից են եղել 44-օրյա ռազմական գործողություններին։ Իսկ հիմա գլխավոր հարցն առաջացել է արդեն դեկտեմբերի սկզբին՝ Հադրութի շրջանում։ Նոյեմբերի վերջին հայ զորակոչիկների մի մեծ խումբ՝ 62 հոգի, ուղարկվել է այնտեղ, որտեղ էլ նրանք գերի են ընկել։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե քանի որ այդ մարդիկ այնտեղ են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով», – ասել Է Լավրովը։
Ռուսական կողմը, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, առաջ է մղում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն լուծվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:
«Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակը, և պարզվել է, որ նրանք 62-ից ավելի են, և այժմ ռուս զինվորականները հայ և ադրբեջանցի զինվորականների հետ մշտական կապի մեջ են՝ պարզելու, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ», – ասել Է Լավրովը:
Նշենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։