Փետրվարի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության պահեստ, որտեղ պահվում է հիգիենայի պարագաներ պարունակող 2420 ծանրոց՝ նախատեսված մարզում գտնվող Արցախից տեղահանված ավելի քան 6000 անձի համար։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում հակամարտություններից տուժած բնակչության հիգիենայի հրատապ կարիքների արագ արձագանք» խորագրով ծրագիրը նպատակ ունի տրամադրել կենցաղային հիգիենայի պարագաների 1200 ծանրոց և տարեցների, երեխաների և կանանց անհատական կարիքներին հարմարեցված 1220 ծանրոց: Այս ծրագիրը ԵՄ արագ արձագանքման մեխանիզմ գործիքի ներքո ֆինանսավորվող 4 ծրագրերից մեկն է, որն աջակցություն է տրամադրում Հայաստանում գտնվող ԼՂ-ից տեղահանված բնակչությանը։
Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվում է իրականացնող գործընկերոջ կողմից` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության միջոցով։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի ընտրում ծրագրի շահառուներին: Այս ծրագրերից աջակցություն ստանալու համար դիմողները պետք է նախ գրանցված լինեն տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններում։