ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:
Փետրվարի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին ծրագրի մեկնարկային փաստաթուղթը։
«Այս ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է, և մենք պետք է միասնական ուժերով աշխատենք, որպեսզի ֆերմերներին տրամադրվող աջակցությունը լինի ոչ միայն թափանցիկ ու թիրախավորված, այլև ցուցաբերվի ճիշտ ժամանակին։ Մեր նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օժանդակել այս ծրագրի շուտափույթ իրականացմանը»,-նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։
«Ծրագիրը ՄԱԿ-ի՝ հակամարտությանն ուղղված արձագանքման ծրագրի մաս է կազմում, և այն ուղղված կլինի հակամարտությունից տուժած անապահով մարդկանց անմիջական կարիքների ապահովմանը, մասնավորապես՝ պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը», – նշել է ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: