Մայիսի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: Այս իրադարձության հետ զուգընթաց Ստեփանակերտում բացվեց լեգենդար արտիստի մեկ այլ կիսանդրի: «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն իր ողջույններն ու ուղերձն է հղել Ստեփանակերտի միջոցառման մասնակիցներին:
«Ազնավուր» հիմնադրամը հրապարակել է նրա ուղերձը:
«Հայրս՝ Շառլ Ազնավուրը, շատ էր սիրում Արցախը, նա շատ հաճելի հիշողություններ ուներ՝ Գանձասարի, Վանքի և այլ գեղեցիկ վայրեր այցելությունների հետ կապված:
2020-ի սեպտեմբերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն հատկացնող ծրագրեր, ինչ կաներ նաև ինքը՝ Ազնավուրը, եթե ողջ լիներ: Մեր գործընկերների և ընկերների շնորհիվ մենք կարողացանք հավաքագրել 175 տոննա մարդասիրական օգնություն և ուղարկել Հայաստան: Այսօր էլ մենք շարունակում ենք մշակել և իրականացնել ծրագրեր, որ ուղղված են օգնելու բնակչությանը հաղթահարել պատերազմի հետևանքները:
Ազնավուր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել կիսանդրու բացման արարողության կազմակերպիչներին: Նմանօրինակ իրադարձություններն ապացույցն են մեր ժողովրդի ներուժի, որը շարունակում է ապրել և ստեղծագործել սեփական հայրենիքում»: