ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ի հերթական նիստում քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» ԿԳՄՍ նախարարության զեկույցը:
Նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել հանրապետության մի շարք մարզերում, իսկ 8 ավագ դպրոց հիմնանորոգվել է:
Ընդհանուր առմամբ արդեն 8 մարզում եւ Երեւան քաղաքում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության համակարգին, ներդրվել են երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ եւ ուսուցչի օգնականի հաստիք:
Նախարարի խոսքով՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ տեղերը 2020-2021 ուսումնական տարվա համար ավելացել են 140 տեղով. նախապատվությունը հիմնականում տրվել է բնագիտական ոլորտի մասնագիտություններին:
Ավելացել են ասպիրանտական եւ դոկտորանտական կրթաթոշակները:
Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առաջիկա օրերին Կառավարությունը նախատեսում է 2,7 մլրդ դրամով ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը: Նախարարը, ի պատասխան պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած հարցի, փաստեց, որ նախորդ տարի ոչ թե կրճատվել, այլ վերանայվել էր նախարարության ֆինանսավորումը: