Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:
Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից: Այս մասին
գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվավոր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:
Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք այսօր պղծել են հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հուշարձանը։ Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: