Փաստաբան Արամ Վարդևանյանն իր Facebook-ի էջում գրել է․
«Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։