Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Այս մասին հայտնում է Դատախազությունը, մանրամասնելով․
Արդյունքում նոյեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ 2020թ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-նն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։
Գործով նախաքննությունն իրականացվում է Մ. Հակոբյանի կողմից նշված ուղղություններից յուրաքանչյուրով՝ պատշաճ խորությամբ առանձին հանգամանքները պարզելու նպատակով:
Նշենք, որ նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, ովքեր պարտականություն են ունեցել լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու։ Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:
Նշված հանգամանքների ստուգման նպատակով հարցաքննվել են նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման, ՀՀ Զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում Մ. Հակոբյանի կողմից մատնանշված), ովքեր հերքել են զորքերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություն ստանալու և այդ գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։
Ի դեպ, որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, վերջինիս մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: