Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակում են մնալ խախտված:
Այս մասին
գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում միևնույնն է՝ ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ»:
Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն:
Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից:
2006 թվականից մինչև 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները:
Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացություն, որի արդյունքում գործընթացը կանգ է առել:
Դրանից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու հաշմանդամություն ունեցող օդաչուների մասնակցությամբ քննարկումները ակնհայտ դարձրեցին, որ խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել:
Արդյունքում, ստեղծվել է իրավիճակ, որով անտեսվում են նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները»: