Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Այս մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է
հայտնել:
«Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․
– Ամուսնության գրանցման,
-ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու,
-Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու,
-Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։
Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝
-կենսաթոշակառուները
-առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները
-ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք
-ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։
Բարեփոխումների արդյունքում կրճատվել են նաև հետևյալ գործընթացների ժամկետները՝
– Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը 7 օրվա փոխարեն կտրամադրվի տեղում։
– Ամուսնության գրանցումը հնարավոր կլինի իրականացնել դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետում՝ դիմողի նախընտրած օրը։
– Անվան փոխման գրանցման ժամկետը մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։
– Ուղղում, փոփոխություն և լրացում, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը դարձել է 15 աշխատանքային օր:
-Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր։
-Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը սահմանվել է 1 աշխատանքային օր։
Այլ փոփոխություններ․
-Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն:
– Ա/Ձ հաշվառումը հնարավոր կլինի նաև լիազորված անձի միջոցով։
– Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են։
Պետռեգիստրին առնչվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից, իսկ ՔԿԱԳ ոլորտին առնչվող բարեփոխումները՝ 2021 թվականի մայիսի 16-ից»։