Մայիսի 8-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից շարունակում է երթը դեպի Երևան։ Երթի մասնակիցներն այսօր կշարժվեն Աբովյան քաղաք՝ կանգ առնելով Երևանի մուտքի մոտ, իսկ մայիսի 9-ին կհասնեն Երևան, որտեղ նույն օրը՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաք է նախատեսվում։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը դեմ է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի իշխանությունների «միակողմանի զիջումներին»։
Երթի մեկնարկից առաջ Սրբազանը հայտարարել է, որ այլ տարբերակ ու այլընտրանք չունեն։
«Մեզ համար այլընտրանք ու այլ տարբերակ գոյություն չունի, որևէ մեկիդ մտքով թունավոր որևէ միտք թող չանցնի։ Մենք ծնվել ենք նպատակով և այդ նպատակին պետք է հասնենք։ Այս երթը ընդհանրական, լայն հաշտության, ինքնամաքրման, ինքնաճանաչման, չակնկալիքների և այդ ամենի դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին է։ Այն զորանալու, մեր հաղթանակների մասին է, որոնցով ապրելու ենք։ Սա անմահության երթ է»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։
Նա արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի հայտարարությանը, թե «գործընթացն առաջնորդում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, իսկ շահառուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»։
«Այս մարդիկ ինչ ուզում՝ խոսում են։ Սկսել են ոչ միայն ժողովրդին, այլև իրենք իրենց խաբել»,- ընդգծել է Սրբազանը։
Նա հայտարարել է, որ թե՛ «Ազգային անվտանգության ծառայությունից, թե՛ Ներքին գործերի նախարարությունից իրենց տեղեկություններ են գալիս»։
«Տարբեր օղակներից մեզ տարբեր ինֆորմացիաներ են գալիս։ Շնորհակալ եմ այդ աջակցության, ինչպես նաև նրա համար, որ մեզ տեղեկացնում եք կանխարգելիչ միջոցների մասին։ Համապատասխան ժամին ես երևի կասեմ, թե ինչ են նախատեսել և դա տեղի կունենա, թե ոչ»,- ասել է նա։
Երթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնել է, որ իշխանությունն իրենց թիրախավորում է մեծ վախերի պատճառով։
«Իշխանությունները մեծ վախեր ունեն, որոնք դրսևորել են վերջին մի քանի օրերի ընթացքում՝ տարբեր ասուլիսների, գրառումների միջոցով։ Մեզ ոչինչ մեր նպատակից չի կարող հետ պահել»,- նշել է պատգամավորը։
Ավելի ուշ շարժումը հայտարարել է, որ 8 կազմակերպություն, այդ թվում՝ Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը, միացել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Շարժմանը են միացել նաև «Պահեստազորի սպաների շարժումը», «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժումը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը», «Սիսական» ջոկատը», «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, «Վերադարձ» հիմնադրամը, «Ազգային գվարդիան»։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։