ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։
«Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Իսկ ընդդիմության վարչապետի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։