Չնայած կորոնավիրուսի ռիսկերին՝ քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը նվազել է 4 անգամ: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ նախորդ տարի գրանցվել է մահվան ընդամենը 5 դեպք, մինչդեռ 2019-ին այդ թիվը 21 էր: Սա նախարարը համարում է քրեակատարողական համակարգում բուժօգնության որակի բարձրացման արդյունք։
«Մենք շարունակում ենք անել հնարավորը, որպեսզի բացառվեն մահվան դեպքերը քրեակատարողական հիմնարկներում»,-հավաստիացրել է նախարարը։
Սակայն, ըստ Ռուստամ Բադասյանի, դատապարտյալների զբաղվածության ապահովումը դեռևս ամենալուրջ խնդիրներից է, որոնց շուրջ մի շարք ծրագրեր են քննարկվում:
«Բայց պետք է ընդունեմ, որ աշխատանքում ներգրավելու մասով լուրջ խոչընդոտներ ունենք, որոնք հիմնականում օբյեկտիվ բնույթ ունեն: Եվ շարունակում ենք քննարկումները, որ այդ խնդիրը լուծենք»,- եզրափակեց նախարարը։