Սահմանադրական դատարանն այսօր քննության է առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
ՍԴ-ի նիստին մասնակցում են 8 դատավորներ։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործի քննությանը, քանի որ նրա վերաբերյալ գործին մասնակցելու անհնարինության մասին որոշում է կայացվել։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։
ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդեցին գործը քննել բանավոր՝ հաշվի առնելով նաև հարցի հանրային հնչեղությունը։
Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ):
Նշենք, որ 300․1-ին հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: