Արմեն Չարչյանի կալանքի հարցով պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ իրենց բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 6-ին, ժամը 14։00-ին։
Պաշտպան Ալքեսանյանը հայտնեց, որ ամբողջ ծավալով քննարկում է տեղի ունեցել: «Մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցանքի կատարման հետ»,-ընդգծեց նա։
«Մեր բողոքի քննության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ աշխատանքային օրվա ավարտից հետո, այսինքն` ժամը 18-ից հետո էլ շարունակենք աշխատանքը և բողոքի քննությունն ավարտենք այսօր։ Սրան գործով դատախազը չառարկեց, սակայն հետո մի պահ կարծես նեղացավ ու հայտարարեց, որ չի ցանկանում այլևս, որ բողոքի քննությունն աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվի»,–ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ դատախազի վարքագիծն անհասկանալի էր իրենց համար։