Վաշինգտոնում գրանցված Արդարադատության հայկական կենտրոնը (ALC), Հայաստանում գրանցված Միջազգային և իրավական համեմատական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, նոր հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանին մեղադրելով հայ ռազմագերիներին սպանելու մեջ: Այս մասին նշված է ՀՅԴ կուսակցության կայքում:
ՄԻԵԴ-ին ներկայացված փաթեթում ասվում է, որ 19 մարդ, ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորականներ, ովքեր մնացել են իրենց հայրենիքում, սպանվել են, երբ նրանք գերեվարվել կամ ձերբակալվել են ադրբեջանական զորքերի կողմից: Հայտարարությունները ներկայացվել են անհերքելի ապացույցներով, ականատեսների ցուցմունքներով, համացանցում տեղադրված տեսանյութերով, դատաբժշկական փորձաքննությամբ, փորձագիտական եզրակացություններով:
Երկու իրավապաշտպան կազմակերպություններ օգտագործում են հավաքված նյութերը`փորձելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումների համար:
«Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրավունքները և չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և եվրոպական բոլոր կառույցները պարտավոր են հստակ կարմիր գիծ գծել և ստիպել ադրբեջանցի բռնապետին պատասխանատվություն կրել»,- ասել է Արդարադատության հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը: