Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է՝ հաշվի առնելով նաև վերջինիս ԱԺ պատգամավոր լինելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ և դատական հաջորդ նիստը, ըստ նախնական տեղեկության, նշանակված է հոկտեմբերի 4-ին։ Այսինքն, ևս մեկ ամիս բժիշկ Չարչյանը մնալու է կալանքի տակ։
Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Արմեն Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում։
Փաստն այն է, որ այն երկու հիմքերը, որով դատազախն առաջարկում էր կալանքի սանկցիա՝ երկուսն էլ այլևս գոյություն չունեն։ Արմեն Չարչյանն արդեն չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն և երկրորդ հիմքը, որ ազատության մեջ լինելով՝ նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա՝ այդ հիմքը ևս այլևս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքները արդեն տրված են։ Բացի դա, դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն հանդիսանալու։
Եվ ուստի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաև վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։
Ուստի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործչին, հիմքերի իսպառ բացակայությամբ կալանքի տակ պահելը խոշտանգում է և ես ակնկալում եմ, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը տա նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը»,- գրել է նա։