ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ չարաշահումներ են թույլ տրվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքների բնակիչներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում։ Մի շարք գյուղացիներ ընդգրկվել են աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չեն հատկացվել կամ հատկացվել են շատ ավելի քիչ ծավալով և յուրացվել համայնքների ղեկավարների կողմից։
Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ սերմացու ցորենն ստացած Իսահակյան և Մեղրաշատ համայնքների որոշ բնակիչներ հետագայում կատարել են նախատեսված վճարումները, սակայն դրանք չեն մուտքագրվել համայնքի բյուջե, չեն փոխանցվել համապատասխան կազմակերպության հաշվեհամարին, այլ յուրացվել են՝ պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով: Իսկ բնակիչների անվամբ կուտակված պարտքերը ներվել են պետության կողմից թիվ 1585-Ն որոշմամբ։
Քննության տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2012-2016 թթ.: Այդ տարիներին Իսահակյան համայնքի ղեկավարն է եղել Արտավազդ Արսենյանը, իսկ Մեղրաշատ համայնքի ղեկավարը՝ Վահրամ Սաղաթելյանը։ Ներկայումս նրանք համապատասխանաբար Անի և Ամասիա համայնքների ներկայացուցիչներն են Իսահակյանում և Մեղրաշատում։