«Մարզում այս պահին ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացածները 474 են, մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային և այսօրվա դրությամբ ունենք 17 մահ»։ Այս մասին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ասեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսի դեմ պայքարին: Նա նշեց, որ Իր ամենօրյա հսկողության ներքո է գտնվում մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թե՛ առողջական վիճակը, թե՛ թվային տվյալները:
Մարզպետն ընդգծեց, որ Հայաստանի թեժ կետերից է մարզը, վարակվածների թվով երրորդն է, բայց հղում անելով դինամիկային՝ ասաց, որ մարզում վարակակիրների կտրուկ աճ չի նկատվել, կորը բարձրանում է դանդաղ ու սահուն:
«Չենք ունենում նոր օջախներ, որոնք վերահսկողությունից դուրս են: Ինչպես գիտեք, մեր մարզի հիմնական օջախը հայտնի ձեռնարկությունում աշխատող մեծաթիվ աշխատակիցների հետ էր կապված, որոնք հիմնականում Մասիսի տարածաշրջանից էին: Այս պահին էլ վարակվածների թվով ամենամեծ շրջանը Մասիս քաղաքն է, վարակվածների և բուժվածների թիվն այնտեղ 177-ի է հասնում: Բայց իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ նոր կարգավորումներով արդեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդների առողջական վիճակով, իսկ ավելի բարդ դեպքերով հիվանդները բուժում են ստանում Հայաստանի վերապրոֆիլավորված բուժկենտրոններում:
«Արտաշատի ԲԿ-ն, ինչպես գիտեք, վերապրոֆիլավորվել է և դարձել է ինֆեկցիոն հիվանդանոց, երկու օր է արդեն Վեդիի ԲԿ-ն էլ է որպես ինֆեկցիոն հիվանդանոց գործում, Արտաշատում թվով 125 հիվանդների կարող են ընդունել, Վեդիում՝ 100»,- տեղեկացրեց մարզպետը: