Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրից ոչ մի սանտիմետր հող Ադրբեջանին չի անցել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը՝ հերքելով սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Խնձորեսկը «հանձնում» են թշնամուն։
Նրա պարզաբանմամբ՝ 90-ականների ազատագրված հողերի որոշ հատվածներն են անցել Ադրբեջանին, որոնք համայնքին չեն պատկանում։ Ըստ Երվանդ Մալունցի՝ հավանաբար, այս փաստն էլ սոցցանցերում գրառումների և արդեն Խնձորեսկի հանձնման մասին խոսակցությունների առիթ է դարձել։
«Արցախի ազատագրված հողերի մի մասն է հանձնվել։ Մարջալուից մինչև Խնձորեսկի տակը մոտ 120-150 կմ տարածք տվել են իրենց, բայց դա չի նշանակում, որ մեր գյուղից հող ենք տվել։ Այդ տարածքները Լաչինինն են եղել, դա է վերադարձվել»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը։
Երվանդ Մալունցի գխավորությամբ Խնձորեսկի ջոկատն այս պահին դիրքերում է և հսկում է գյուղի սահմանները։ Ասում է՝ իրենք ինչո՞ւ համար են սահմանին կանգնած, եթե համայնքից պետք է տարածք տան թշնամուն։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Եռակողմ հայտարարությամբ դեռ հստակեցված չեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները։